Գլխավոր / Լուրեր / Գլխուղեղի ուռուցքներ․ ախտորոշում և բուժում «Նաիրի» ԲԿ-ում և «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում

Լուրեր

Գլխուղեղի ուռուցքներ․ ախտորոշում և բուժում «Նաիրի» ԲԿ-ում և «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում

16 Ապրիլ 2025 | Լուրեր | Գլխի և պարանոցի ուռուցքներ | Նյարդային համակարգ (գլխուղեղի և ողնուղեղի վիրաբուժություն)

Գլխուղեղի ուռուցքները կարող են լինել թե՛ բարորակ, թե՛ չարորակ։ Սակայն նույնիսկ բարորակ գոյացությունները կարող են վտանգավոր լինել, քանի որ ճնշում են գլխուղեղի կենսական հատվածները։ Ուռուցքների բուժման ռազմավարությունն ընտրվում է մի քանի գործոններից ելնելով՝ տեսակը, չափսը, տեղակայումն ու զարգացվածության աստիճանը։

Ախտորոշում և բիոպսիա

Ուռուցքի տեսակի հստակեցման համար հիմնականում իրականացվում է բիոպսիա։ Այս գործընթացն իրականացվում է ստերեոտակտիկ համակարգի կամ նեյրոնավիգացիայի կիրառմամբ՝ կախված դեպքից։ Նեյրոնավիգացիան օգտագործվում է նաև վիրահատությունների ժամանակ՝ ապահովելով առավելագույն ճշգրտություն։

«Նաիրի» ԲԿ-ի նյարդաբանության և նյարդավիրաբուժության ծառայության ղեկավար Արման Հակոբյանը նշում է․
 «Նեյրոնավիգացիան թույլ է տալիս վիրահատության ընթացքում հստակ որոշել ուղին դեպի ուռուցք, սահմանել դրա ծավալը և խուսափել գլխուղեղի առողջ հյուսվածքների վնասումից։ Սա հատկապես կարևոր է չարորակ ուռուցքների դեպքում, որոնք իրենց գույնով չեն տարբերվում ուղեղի այլ հատվածներից»։

Վիրահատական միջամտություն և նեյրոմոնիթորինգ

Վիրահատությունների ընթացքում բժիշկներին աջակցում է նեյրոմոնիթորինգը՝ գլխուղեղի աշխատանքը վերահսկող հատուկ համակարգ, որը կանխում է շարժողական կամ այլ կենսական կենտրոնների վնասումը։

«Եթե վիրահատության ընթացքում մոտենում ենք կենտրոնի, որը պատասխանատու է, օրինակ, ձեռքի կամ ոտքի շարժման համար, սարքը մեզ թույլ է տալիս խուսափել այդ կենտրոնի վնասումից»։

Ճառագայթային և դեղորայքային բուժում

Ոչ բոլոր գլխուղեղի գոյացություններն են ենթակա վիրահատության։ Որոշ դեպքերում, հատկապես երբ ուռուցքը դժվար հասանելի հատվածում է, կիրառվում է դեղորայքային կամ ճառագայթային բուժում՝ անգամ բարորակ գոյացությունների դեպքում։ Ճառագայթային թերապիան կարող է օգտագործվել նաև վիրահատությունից հետո՝ հիվանդության կրկնության կանխարգելման նպատակով։

«Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնի ռադիոթերապիայի բաժնի ղեկավար Սերգեյ Գոլուբ ասում է․
 «Բուժումը սովորաբար ներառում է 25-30 սեանս, որոնք անցկացվում են ամեն օր՝ երկուշաբթիից ուրբաթ։ Տևողությունը մոտ մեկից մեկուկես ամիս է։ Այս կուրսերի համար օգտագործում ենք Varian Halcyon սարքը, որն ապահովում է բարձր ճշգրտություն և արդյունավետություն»։

Բարորակ ուռուցքների՝ ինչպես շվանոմաների, հիպոֆիզի ադենոմաների և մենինգիոմաների դեպքում, ճառագայթային բուժումը միշտ չէ, որ անհրաժեշտ է։ Այն կարող է առաջարկվել որպես նյարդավիրաբուժական միջամտության այլընտրանք։

Ռադիովիրաբուժություն՝ մետաստատիկ ուռուցքների դեպքում

Երբ գլխուղեղի մեջ ախտահարում է տեղի ունենում այլ օրգաններից մետաստազավորված ուռուցքների պատճառով, կիրառվում է ամենաժամանակակից մեթոդներից մեկը՝ ստերեոտակտիկ ռադիովիրաբուժություն։

«Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնի ճառագայթային թերապևտ Ստանիսլավ Սմոլնիկովը նշում է․
 «Սա մեթոդ է, որը ներառում է բարձր դոզայով իոնացնող ճառագայթման ուղարկում՝ մեծ ճշգրտությամբ։ Սեանսների քանակը՝ 1-5։ Նախքան բուժումը կատարվում է նշագծում, ՄՌՏ-ով մանրամասն շերտագրություն, դոզիմետրիկ պլանավորում՝ բժշկական ֆիզիկոսների մասնակցությամբ»։

Ռադիովիրաբուժությունն իրականացվում է ամբուլատոր պայմաններում, սեանսը տևում է 30-40 րոպե և ամբողջությամբ անցավ է։ Այս մեթոդը զգալիորեն ավելի անվնաս է, քան գլխուղեղի ամբողջական ճառագայթումը։

«Նաիրի» բժշկական կենտրոնը և «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնը հագեցած են ժամանակակից տեխնոլոգիաներով՝ սկսած ճշգրիտ ախտորոշումից մինչև ամենանորարարական բուժման մեթոդները։ Մեր մասնագետները տրամադրում են ամբողջական մոտեցում՝ բիոպսիայից մինչև ռադիովիրաբուժություն՝ ապահովելով հիվանդների անվտանգությունն ու կյանքի որակի բարելավումը։



Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն