Բրոնխոսկոպիան շնչուղիների հետազոտման ժամանակակից մեթոդ է, որի շնորհիվ բժիշկը կարող է մանրակրկիտ զննել կոկորդից մինչև բրոնխների հասանելի հատվածները։ Այն իրականացվում է հատուկ սարքի՝ բրոնխոսկոպի միջոցով, որը հագեցած է տեսախցիկով և լուսային համակարգով։
Այս հետազոտությունը թույլ է տալիս ոչ միայն հայտնաբերել շնչուղիների հիվանդությունները, այլ նաև, անհրաժեշտության դեպքում, իրականացնել փոքրածավալ բուժիչ միջամտություններ, ինչպես նաև սանացիան (մաքրում) գործողություններ։
Բրոնխոսկոպիայի միջոցով կարելի է՝
- Գնահատել շնչուղիների լորձաթաղանթի վիճակը
- Նորագոյացությունների, բորբոքային փոփոխությունների և խցանումների հայտնաբերում
- Լորձի կամ օտար մարմնի հեռացում
- Թոքային հիվանդությունների պատճառների պարզում և հյուսվածքային նմուշառում (բիոպսիա)
- Վիրահատություններից հետո շնչուղիների վերստուգում և անհրաժեշտության դեպքում մաքրման իրականացում
Ե՞րբ է ցուցվում բրոնխոսկոպիա
Բրոնխոսկոպիան կարող է ցուցվել, եթե առկա են հետևյալ գանգատները կամ ախտանիշները․
Երկարատև հազ
- Շնչառության խանգարումներ
- Խորխի մեջ արյան առկայություն (հեմոպտիզ)
- Թոքերի կամ բրոնխների ուռուցքային հիվանդությունների կասկած
- Քրոնիկ բրոնխիտ, բրոնխէկտազ կամ այլ բորբոքային հիվանդություններ
- Թոքաբորբի երկարատև կամ կրկնվող ընթացք
- Օտար մարմնի կասկած շնչուղիներում
Բացի ախտորոշիչ նպատակներից, բրոնխոսկոպիան հաճախ կիրառվում է նաև բուժիչ նպատակով՝ շնչուղիների մաքրում, խցանման վերացում կամ տեղային դեղամիջոցների ներմուծում։
Ինչպե՞ս պատրաստվել բրոնխոսկոպիայի
Պատրաստման հիմնական քայլերն են․
- Բժշկական նախնական զննում, լաբորատոր և գործիքային որոշ հետազոտություններ (արյան ընդհանուր քննություն, կոագուլոգրամմա, ԷԿԳ)
- Թոքերի ռադիոլոգիական հետազոտություններ (ռենտգեն կամ ՀՇ)՝ ըստ ցուցման
- Հետազոտությունից առնվազն 6-8 ժամ առաջ սննդի և հեղուկների բացառություն
- Ծխելու և ալկոհոլի օգտագործման սահմանափակում
- Բժիշկը մանրամասն տեղեկացնում է հետազոտության ընթացքը և պատասխանում բոլոր հարցերին
Եթե պացիենտը ընդունում է արյունը նոսրացնող դեղամիջոցներ կամ ունի ալերգիաներ, ապա անպայման այդ մասին հարկավոր է նախօրոք տեղեկացնել բժշկին։
Ինչպե՞ս է իրականացվում բրոնխոսկոպիան
Բրոնխոսկոպիան կատարվում է ստերիլ պայմաններում, փորձառու մասնագետի կողմից։ Կան երկու հիմնական մեթոդներ․
- Ճկուն բրոնխոսկոպի միջոցով – առավել հաճախ կիրառվող, ապահովում է հարմարավետություն և մանրակրկիտ զննում
- Կարծր բրոնխոսկոպի միջոցով – կիրառվում է հատուկ դեպքերում, օրինակ՝ օտար մարմնի հեռացում կամ արյունահոսության դադարեցում
Հետազոտության ընթացքում բրոնխոսկոպը նրբորեն ներդրվում է բերանի կամ քթի միջոցով, անցնում է կոկորդը և մտնում բրոնխներ։ Տեսախցիկի օգնությամբ բժիշկը ստանում է բարձրորակ պատկեր, որը հնարավորություն է տալիս մանրամասն գնահատել շնչուղիների վիճակը։
Սովորաբար տևում է 10-20 րոպե, իսկ բիոպսիայի կամ բուժական միջամտության դեպքում՝ մի փոքր ավելի երկար։
Հետազոտությունից հետո պացիենտը մի քանի ժամ գտնվում է հսկողության տակ՝ մինչև տեղային անզգայացման կամ նարկոզի ազդեցության լիարժեք անցնելը։
Բրոնխոսկոպիա անեսթեզիայով (նարկոզով)
«Նաիրի» ԲԿ-ում բրոնխոսկոպիան հնարավոր է իրականացնել նաև ընդհանուր անզգայացման պայմաններում, ինչը ապահովում է լրացուցիչ հարմարավետություն և կանխում է հնարավոր տհաճ զգացողությունները։ Անեսթեզիայով բրոնխոսկոպիան հատկապես խորհուրդ է տրվում՝
- Երեխաների համար
- Վախ կամ անհանգստություն ունեցող պացիենտների դեպքում
- Երկարատև կամ բարդ միջամտությունների ժամանակ
Անզգայացման ընթացքում և հետո պացիենտի վիճակը մշտապես վերահսկվում է անեսթեզիոլոգի և բուժանձնակազմի կողմից։
Որտեղ Իրականացնել բրոնխոսկոպիա Երևանում
«Նաիրի» բժշկական կենտրոնում բրոնխոսկոպիան իրականացվում է ժամանակակից սարքավորումներով, բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից։ Մեր առավելությունները՝
- Վերջին սերնդի բրոնխոսկոպներ
- Բարձր որակյալ պատկերային համակարգեր
- Հարմարավետ պայմաններ և անհատական մոտեցում
- Հնարավորություն իրականացնել հետազոտությունը ինչպես տեղային անզգայացմամբ, այնպես էլ անեսթեզիայով
Գրանցվելու համար կարող եք զանգահարել 89 00 հեռախոսահամարին կամ այցելել «Նաիրի» բժշկական կենտրոն՝ Պարոնյան 21 հասցեով։