Ի՞նչ է ԷՆՄԳ-ն
Էլեկտրոնեյրոմիոգրաֆիան (ԷՆՄԳ) նյարդա-մկանային համակարգի ախտորոշման ժամանակակից մեթոդ է։ Այն թույլ է տալիս գնահատել պերիֆերիկ նյարդերի և մկանների ֆունկցիոնալ վիճակը՝ գրանցելով դրանց էլեկտրական ակտիվությունը։
Հետազոտությունը հիմնված է մկանների և նյարդերի միջև անցնող էլեկտրական ազդակների ուսումնասիրության վրա։ ԷՆՄԳ-ն օգնում է հայտնաբերել նյարդերի վնասվածքները, մկանային հիվանդությունները, նյարդամկանային հաղորդականության խանգարման խնդիևները: Այն անվտանգ է, ոչ ինվազիվ կամ նվազ ինվազիվ (կախված մեթոդից) և լայնորեն կիրառվում է նյարդաբանության, նյարդավիրաբուժության, տրավմատոլոգիայի, ռևմատոլոգիայի, պլաստիկ վիրաբուժվության և միկրովիրաբուժության, էնդոկրինոլոգիայի և այլ նեղ մասնագիտական ոլորտներում։
Ցուցումներ
ԷՆՄԳ-ն կարող է ցուցվել, եթե առկա են․
- Վերին կամ ստորին վերջույթների թմրածություն, թուլություն, մկանային ցավեր
- Սուր կամ քրոնիկ նյարդաբանական հիվանդությունների կասկած
- Ողնաշարի դեգեներատիվ հիվանդություններ, միջողնային ճողվածք
- Պոլինեյրոպաթիաներ (օր.՝ դիաբետիկ , ալկոհոլային, դեղորայքային)
- Սուր կամ քրոնիկ մկանային հիվանդություններ
- Նյարդային հյուսակների բորբոքային և տրակցիոն ախտահարումներ
- Թունավոր կամ դեղորայքային նեյրոպաթիաներ
- Նյարդային հաղորդունակության խանգարումներ
- Նյարդերի տրավմատիկ ախտահարում և վնասվածքներից հետո նյարդերի վերականգնման հսկողություն
ԷՆՄԳ-ն նշանակվում է նաև, երբ անհրաժեշտ է պարզել մկանային թուլության կամ ցավի պատճառները, տարբերակել նյարդային և մկանային պաթոլոգիաները։
ԷՆՄԳ վերին վերջույթների համար
Վերին վերջույթների ԷՆՄԳ-ն կիրառվում է ձեռքի, նախաբազկի և ուսի նյարդերի ու մկանների վիճակը գնահատելու համար։ Այն թույլ է տալիս․
- Հայտնաբերել թունելային նեյրոպաթիաներ (օր.՝ կարպալ/կուբիտա, սպիրալ թունելի համախտանիշ)
- Գնահատել բրախիալ հյուսակի վնասումները
- Պարզել նյարդերի սեղմման կամ վնասման աստիճանը
- Հսկել վերականգնման դինամիկան վիրահատություններից կամ վնասվածքներից հետո
Այս հետազոտությունը կարևոր է հատկապես այն պացիենտների համար, ովքեր ունեն ձեռքի թմրածություն, քոր կամ մկանային թուլություն։
ԷՆՄԳ ստորին վերջույթների համար
Ստորին վերջույթների ԷՆՄԳ-ն գնահատում է ոտքի, սրունքի և ազդրի նյարդերի ու մկանների վիճակը։ Այն օգնում է․
- Հայտնաբերել նստանյարդի վնասումներ
- Գնահատել նյարդերի հաղորդունակության խանգարումները շաքարային դիաբետի կամ այլ մետաբոլիկ հիվանդությունների դեպքում
- Ախտորոշել պոլինեյրոպաթիաներ և մկանային դիստրոֆիաներ
- Գնահատել միջողային սկավառակի ճողվածների հետևանքով ոտքերի նյարդերի ախտահարումը,
- Ուղղակիորեն տարբերել ողնաշարային և մկանային պաթոլոգիաները
- Հսկել վերականգնման գործընթացը վնասվածքներից հետո
Այս հետազոտությունը հաճախ ցուցվում է այն պացիենտներին, ովքեր բողոքում են ոտքերի թուլությունից, ցավերից կամ անզգայացումից, քայլքի խանգարումներից և ողնաշարային ցավերի դեպքում:
Ինչպես է իրականացվում ԷՆՄԳ-ն
Հետազոտությունը կատարվում է նյարդաբանի կողմից՝ ժամանակակից սարքավորումների կիրառմամբ։ Կան երկու հիմնական մեթոդներ․
- Նյարդի հաղորդունակության ուսումնասիրություն՝ ստիմուլացիոն – մաշկի վրա տեղադրվում են էլեկտրոդներ, որոնց միջոցով գրանցվում է նյարդային ազդակների տարածման արագությունը։
- Ասեղային մեթոդ – բարակ ասեղային էլեկտրոդը ներմուծվում է մկան՝ գնահատելու դրա էլեկտրական ակտիվությունը, մկանաթելերի աշխատանքը և լիարժեքությունը հանգստի և կծկման վիճակում։
Հետազոտության ընտացքը տևում է միջինում 20–60 րոպե։ Այն կարող է առաջացնել որոշակի տհաճ զգացողություններ ասեղային էլեկտրոդի տեղադրման ժամանակ, սակայն համարվում է անվտանգ և անցավ։
Ինչ է ցույց տալիս ԷՆՄԳ-ն
ԷՆՄԳ-ի արդյունքները կարևոր տեղեկություն են տալիս նյարդա-մկանային համակարգի վիճակի մասին։ Բժիշկը կարող է․
- Գնահատել նյարդային ազդակների արագությունը և հաղորդունակությունը
- Հայտնաբերել նյարդերի սեղմում կամ վնասում
- Տարբերել նյարդային և մկանային բնույթի պաթոլոգիաներ
- Վերահսկել բուժման և վերականգնման արդյունավետությունը
- Հստակեցնել ախտորոշումը, երբ այլ մեթոդները (ՄՌՏ, ուլտրաձայն) բավարար ինֆորմացիա չեն տալիս
ԷՆՄԳ-ն հաճախ համարվում է նյարդաբանական ախտորոշման «ավարտական քայլ», որը օգնում է ընտրել ճիշտ բուժման մարտավարություն։
Որտեղ իրականացնել ԷՆՄԳ Երևանում
«Նաիրի» բժշկական կենտրոնում ԷՆՄԳ-ն իրականացվում է միջազգային չափանիշներին համապատասխան՝
- Ժամանակակից սարքավորումներով
- Փորձառու նյարդաբանների և նյարդաֆիզիոլոգների կողմից
- Անհատական մոտեցմամբ
- Հարմարավետ միջավայրում
Կենտրոնում իրականացվում են ինչպես վերին, այնպես էլ ստորին վերջույթների ԷՆՄԳ հետազոտություններ։ Արդյունքները վերլուծվում են անմիջապես և ներկայացվում են պացիենտին հասկանալի եզրակացության տեսքով։
Գրանցվելու համար կարող եք զանգահարել 89 00 հեռախոսահամարին կամ այցելել կենտրոն՝ հասցեով՝ Պարոնյան 21